ՀՀ գլխավոր դատախազն Արցախում էր. Քննարկել են արցախցիների առաջնային իրավունքների պաշտպանությունը

ՀՀ գլխավոր դատախազն Արցախում էր. Քննարկել են արցախցիների առաջնային իրավունքների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն: ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության հարցեր։

Քննարկվել են նաև հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցության իրավական ասպեկտներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նոր մարտահրավերների համատեքստում ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների միջև գործակցության հիմնական առաջնահերթություններին, ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ՌԴ դատախազության միջնորդությամբ տարվող աշխատանքներին:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի, զինվորական դատախազության կայազորների դատախազների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային քննարկումներ:

Քննարկվել է հետպատերազմյան շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով որակյալ քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության ապահովումը: Կարևորվել է ռուսական խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի ապահովումը՝ ելնելով միջադեպերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման եռակողմ կապի ապահովման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱրՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից:

Արթուր Դավթյանը նաև այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և խոնարհումի, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած նահատակներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---