Հակոբյանի կարծիքով՝ ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, վատ եղանակից, հավանաբար, թաքնվել են

Հակոբյանի կարծիքով՝ ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, վատ եղանակից, հավանաբար, թաքնվել են

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն, անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարից, կարծիք է հայտնել, որ ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, անբարենպաստ եղանակի պատճառով, հավանաբար, թաքնվել են:

«Ես կարծում եմ՝ պնդումները հիմք չունեն։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում։ Համոզված եմ, որ ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել։ Ինչի՞ դիմաց պետք է դա անեին՝ մեր ՊՆ-ից վախեցա՞ն»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Հակոբյանը նշել է, որ նման տեղեկություն չունի, և խորհուրդ է տվել տեղեկությունները ճշտել Պաշտպանության նախարարությունից։ Նա ենթադրել է, որ ադրբեջանցիներն ուղղակի թաքնվել են վատ եղանակային պայմանների պատճառով։

«Քանի որ այնտեղ հիմա ոչ բարենպաստ եղանակային պայմաններ են, ըստ երևույթի, ադրբեջանցիները թաքնվել են։ Հիմա այնտեղ ուղղակի կանգնել անհնարին է, մտել են իրենց կառուցած շինությունների մեջ։ Դրա պատճառով ինչ-որ գյուղապետի հղում անել պետք չէ։ Գուցե վիզուալ չեն երևում, գյուղապետի մոտ նման կարծիք է ձևավորվել»,-ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր չի համարում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական զորքերի հետքաշումը՝ Հակոբյանն ասել է․ «Իսկ ի՞նչ է եղել Սոչիում։ Ինչի՞ պետք է հետ քաշվեն։ Իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ անձնավորություն է։ Ո՞նց կարող է հետ քաշվի։ Դուք հետ կքաշվեի՞ք»։

Դիտարկմանը, թե սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում հնարավոր է հետ քաշվեն՝ Հակոբյանը հակադարձել է՝ արդյոք դրա մասին փաստաթուղթ որևէ մեկը տեսե՞լ է։

«Բառացի ո՞վ է հավատում Նիկոլ Փաշինյանին։ Ինքն այսօր կարող է գնալ, Սոչիում ասել՝ ես պատրաստ եմ ստորագրել, վաղը գնալ Բրյուսել, ասել՝ ինձ ասում են՝ պետք է ստորագրես, բայց ես չեմ ստորագրել։ Ո՞վ է իր խոսքի վրա այսօր հիմնվում»,- ասել է Հակոբյանը։

Ավելի վաղ Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից, ոչ հերքել, ոչ հաստատել է այն;

 Ուշագրավ
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
Նա ասել է նաև, որ ՀՀ-ն ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ
---