ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ

ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանը  հրաձգային զինատեսակներից կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։

«Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել», - ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։

«Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը», - ասվում է Ստեփանյանի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---