ՄԻՊ․ Դեպի Որոտան ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար մեքենաների համար, հացը մատակարարում է ԱԻՆ-ի ՈւԱԶ-ը

ՄԻՊ․ Դեպի Որոտան ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար մեքենաների համար, հացը մատակարարում է ԱԻՆ-ի ՈւԱԶ-ը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատակազմի հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան: Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) մեքենաների համար:

Սահմանվել է «ՈւՐԱԼ» ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի, որը ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները:

«Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի: Կան նաև հրատապ բուժօգնության հասանելիության խնդիրներ: Սրվել են խնդիրները՝ կապված հաշմանդամության սահմանման գործընթացի և դրա համար անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հետ:

Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Հացը մատակարարվում է ԱԻՆ ՈՒԱԶ ամենագնաց մեքենայով:

Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների, ինչպես նաև ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ։

Բոլոր ծնողները նշել են, որ իրենց համար առաջնային հարցը ճանապարհի անվտանգության ապահովումն է։

Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ:

Որոտանցի ուսանողները, որոնք սովորում են Գորիսում, զրկվել են դասերի բնականոն հաճախելու հնարավորությունից։ Որոտանում պարզվեց, որ այս պահին դպրոցը չունի ռուսերենի ուսուցիչ և այդ առարկան ստիպված դասավանդում են այլ ուսուցիչներ (ոչ մասնագիտական), քանի որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հղիության վիճակում գտնվող ուսուցիչը չի կարողանում հաղթահարել ճանապարհը։ Իսկ Որոտանի ուսուցիչներն առհասարակ ստիպված են Գորիսից դուրս գալ առավոտյան ժամը 7:30-ից»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է, իսկ այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը։

«Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---