Նախարար․ Պատվաստված և օմիկրոնով վարակվածների մոտ ծանր դեպքեր չեն գրանցվել

Նախարար․ Պատվաստված և օմիկրոնով վարակվածների մոտ ծանր դեպքեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի մասին, նշել է, որ այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ պատվաստված և այդ շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր կամ պատվաստանյութի արդյունավետության անկում չի գրանցվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում դեռևս չի հայտնաբերվել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը։

Նախարարը նշել է, որ հետազոտությունները դեռ շարունակվում են և մեկ շաբաթվա ընթացքում ավելի ամփոփ տեղեկություններ կլինեն, գրում է «Փաստինֆոն»։

«Վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում ենք, որ պատվաստումները պաշտպանում են մեզ և անվտանգ են, որևէ արտառոց դեպք Հայաստանում չի գրանցվել, ինչն ամենակարևորն է»,- ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի վարակելիության թվերը շարունակում են նվազել, և պետք է ամեն ինչ անել այդ նվազ ցուցանիշը պահպանելու համար։ Նախարարը կոչ է արել նաև հետևել հակահամաճարակային կանոններին։

«Մեր օրական ցուցանիշները բավական գոհացուցիչ են, բայց պետք է վերագտնենք այն կորցրած ժամանակը, որ ունեցել ենք»,-ասել է Ավանեսյանը։

Հարցին, թե հունվարի 1-ին ուժի մեջ մտնելո՞ւ է արդյոք հանրային սննդի, ժամանցի վայրեր պատվաստման թղթով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով այցելելու պահանջը՝ նախարարն ասել է, որ այդ առաջարկն այս պահին քննարկման փուլում է։

«Կառավարությունն ընդհանուր քննարկման արդյունքում հավանություն կտա որոշման փոփոխությանը»,- նշել է Ավանեսյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն հայտարարել է, որ «օմիկրոն» շատմը, ըստ նախնական տվյալների, հիվանդության ավելի թեթև ընթացք է առաջացնում, սակայն դեռևս վաղ է խոսել այդ մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Նոր շտամն արդեն հայտնաբերվել է Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Գերմանիայում և Ավստրալիայում։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսրայելում։ ԵՄ երկրներից շատերը, ինչպես նաև, ՌԴ-ն, կասեցրել են ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային երկրների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---