Սպիտակի երկրաշարժից 33 տարի է անցել․ Գյումրիում դեռ 2776 տնակ կա

Սպիտակի երկրաշարժից 33 տարի է անցել․ Գյումրիում դեռ 2776 տնակ կա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 33 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիում դեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ, վթարային շինություններ։

Դեռ 2776 տնակ կա, որից 508-ը փակ ու անբնակ է։ Այդ մասին ասել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Բացի տնակներից, Գյումրիում կա 92 վթարային շինություն, որի խնդիրը համայնքն իր միջոցներով չի կարող լուծել: Այստեղ ևս պետական մոտեցում է անհրաժեշտ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը` դարձան հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի` անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---