7 դեկտեմբերի 2021 - 13:51 AMT
Լիպարիտյանը Երևանում կներկայացնի իր «Հայաստան - Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը

Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանն ընթերցողին կներկայացնի իր «Հայաստան - Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։ Շնորհանդեսի ընթացքում հեղինակը հանդես կգա դասախոսությամբ։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Հանրությանը կներկայացվի մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր:

«Գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ:

Հատորն արժեքավոր է նաև նրանով, որ մեկնաբանում է Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերություններն անկախությունից ի վեր: Անկախության առաջին տարիներին հեղինակը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և կարևոր ճշտումներ է կատարում այդ բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից»,-ասվում է հրատարակչության հաղորդագրության մեջ։

Գրքի վերջում զետեղված են նյութեր՝ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Այս հատորի տպագրության մեկենասն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Ժիրայր Լիպարիտյանը պատմաբան է, հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1991թ․ թվականի հունվար-հոկտեմբերին հիմնել ու վարել է ՀՀ Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքը, 1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։