ԱԳՆ․ Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիի պայմանավորվածություններին

ԱԳՆ․ Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիի պայմանավորվածություններին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշել է, որ դրանք հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին և կոչ արել Բաքվին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու չխոչընդոտել ապաշրջափակման պայմանավորվածությունների իրագործմանը։

Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը ՀՀ-ին նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ պայմանավորվածություններն արձանագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում, որտեղ ՀՀ կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:

Հիշեցնելով 2020թ․ նոյեմբերի 9-ից ի վեր բոլոր եռակողմ հայտարարությունների և հանդիպումների արդյունքները՝ ԱԳՆ-ն հայտարարել է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) ՀՀ-ն հավատարիմ է իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

«Հայաստանն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր ՌԴ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանից «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ հրապարակել՝ «այդ դեպքում խնդիրներ չեն լինի»։ Ալիևն ասել է նաև, որ լավ կլիներ, եթե հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ «Եթե ռևանշի միտում լինի, այդ հարցն անմիջապես կլուծվի։ Պատերազմից հետո Հայաստանի կողմից եղան նման փորձեր, բայց նրանք տեսան տխուր հետևանքները։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում ոչ անկեղծ մոտեցմանը»,-ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---