Բլինքենը, Լավրովն ու Լե Դրիանը կոչ են արել շարունակել Երևանի և Բաքվի երկխոսությունը

Բլինքենը, Լավրովն ու Լե Դրիանը կոչ են արել շարունակել Երևանի և Բաքվի երկխոսությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

Համանախագահող երկրները կողմերին կոչ են անել շարունակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար:

Համանախագահ երկրները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջ ծավալով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած և 2021-ի նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպմանը հաստատված պարտավորությունները, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները:

Միջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, գերիներին, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, ինչպես նաև այլ չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը և սահմանագծումը և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը:

«Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատել, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անթույլատրելի են: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Համանախագահ երկրները կողմերին կոչ են անում որքան հնարավոր է շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում՝ հնարավորություն տալով նրանց տեղում գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնելու համար վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, և համաձայնության հասնել ապագա քայլերի օրակարգի շուրջ: Համանախագահները կրկին հայտարարել են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին և կողմերին կոչ են արել լիարժեք համագործակցել նրա հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը, իրենց մանդատի համաձայն, նպաստելու համար Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ և խաղաղ ապագային:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---