Դատախազությունը հորդորում է չհրապարակել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորների ցուցմունքները

Դատախազությունը հորդորում է չհրապարակել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորների ցուցմունքները

PanARMENIAN.Net - Դատախազությունը հորդորում է չհրապարակել ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:

«Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը:

Հերթական նման դրսևորումը վերաբերում է Facebook սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը»,-ասվում է գրառման մեջ:

Նա հիշեցրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն` նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին:

«Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից: Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը: Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվոր՝ ամբողջությամբ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-7 ադրբեջանցի զինվորականների։ Ավելի ուշ այդ պնդման վերաբերյալ կասկածները փարատելու համար նա հրապարակել է գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---