Միրզոյանն ու Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

Միրզոյանն ու Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։

Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։

Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որը ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և հեռանկարային այլ ոլորտներ:

Միրզոյանն ընդգծել է, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին։

Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։

Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։

Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով ՀՀ-ին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու Փարիզի նախաձեռնությանը, հայտարարել էր, որ Ֆրանսիան ցանկանում է ներկա լինել էներգետիկ, ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտներում։ «Մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել է նա։ Լաքոտը նշել էր, որ տնտեսական ոլորտում Ֆրանսիայի նպատակն այնքան էլ առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---