ԱՀ ԱԳՆ․ Արցախի ժողովրդի իրացրած ինքնորոշման իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու հակամարտությանը

ԱՀ ԱԳՆ․ Արցախի ժողովրդի իրացրած ինքնորոշման իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու հակամարտությանը

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի՝ ԱՀ-ում անկախության հանրաքվեի անցկացման 30-ամյակի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։

«30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։

Հանրաքվեն անցկացվել է այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու համար։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անկախության հանրաքվեն ամուր հիմք է արցախյան պետականության համար, որի ստեղծման նպատակն էր փրկել արցախահայությանը լիակատար ոչնչացման վտանգից, ինչի աղբյուրը եղել և շարունակում է լինել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, իսկ վերջինիս պետականաշինության հիմքում դրված է հայատյաց և ցեղասպան գաղափարախոսությունը։

«Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, քանի որ ժողովրդի պահպանման և զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։

Արցախահայության պայքարը հանուն սեփական անկախ պետականության, պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ ապագայի»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---