11 դեկտեմբերի 2021 - 10:40 AMT
Երևանը պնդում է` «3+2»-ը չպիտի կրկնորդի խնդրի լուծման մանդատ ունեցող ձևաչափին

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով «3+2» հարթակի 1-ին հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ԱԳՆ հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։

Վրաստանը հրաժարվել էր մասնակցել Թուրքիայի առաջարկած ձևաչափին ՌԴ հետ հարաբերությունների չկարգավորվածության պատճառով։