13 դեկտեմբերի 2021 - 15:26 AMT
«Այբի» դեմ քրգործի վարույթը կարճվել է. Հանցակազմը բացակայում է

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով, տեղեկացնում է հիմնադրամը։

Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտնի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ:

«ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել: Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբի» նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբում» չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները։ «Այբ» համայնքը այսպիսի պայմաններում ոչ միայն պայքարել է իր անվան և իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլև առանց կանգ առնելու, հետևողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել և զարգացնել Արարատյան բակալավրիատը` ՀՀ և Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով:

Արարատյան բակալավրիատն առ այսօր միակ հայալեզու կրթական ծրագիրն է, որն ունի միջազգային ճանաչում և համարժեք է բրիտանական A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին: Ցավոք, ՀՀ ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու»,-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Նշվում է, որ փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության և «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները:

«Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,-ասվում է հիմանդրամի հաղորդագրության մեջ:

2018-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։ «Արարատյան բակալավրիատի» համար ֆինանսական աուդիտ անցկացվեց՝ չարաշահում չհայտնաբերվեց։

2021-ի հունվարին քրգործ էր հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Նշվում էր, որ քրգործը հարուցվել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես` ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։