13 դեկտեմբերի 2021 - 17:30 AMT
Վարորդները վերադարձել են աշխատանքի․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն ազատման դիմում է գրել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ամփոփելով հանրային տրանսպորտի հետ կապված իրադարձությունների արդյունքները, հայտնել է, որ վարորդները վերադարձել են աշխատանքի, իսկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ վարորդներից մեկն ասել էր, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ Նրա խոսքով՝ հիմա իրենք պահանջում են 350,000 դրամ, քանի որ 1 կգ խոզի միսը 4000 դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Նա հայտարարել է, որ նախկինում ընդհանուր 350,000 դրամ է ստացել, մինչդեռ այսօր ստանում է 260,000 դրամ։

Դեկտեմբերի 13-ի առավոտից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատել վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ։ Կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ էին։