14 դեկտեմբերի 2021 - 10:46 AMT
Փետրվարի 1-ից չպատվաստվածների բուժումը Covid-19-ից կարող է 800,000 դրամ արժենալ

Առողջապահության նախարարությունում քննարկվում է փետրվարի 1-ից չպատվաստվածների բուժումը Covid-19-ից վճարովի դարձնելու հարցը։ Չպատվաստվածները ստիպված կլինեն 800,000 դրամ վճարել կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային բուժման համար։ Այդ մասին ասել է նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ընդ որում, նա նշել է, որ պատվաստման տեմպերի տվյալները բավարար չեն, իսկ վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել։

Նախարարության մտադրությունը պայմանավորված է պատվաստման գործընթացը խթանելու և նոր շտամերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ցանկությամբ։

«Ելնելով այս ամենից, այժմ այդ հարցը քննարկվում է։ Ի դեպ, այն երբեք էլ չի հանվել օրակարգից։ Վերջնական որոշումը կկայացվի ըստ իրավիճակի»,-ասել է նա։

Չպատվաստվածների բուժումը Covid-19-ից վճարովի դարձնելու հարցը քննարկվում է հոկտեմբերից։ Ըստ ընթացիկ կարգի՝ կորոնավիրուսից բուժումն անվճար է։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։