14 դեկտեմբերի 2021 - 13:29 AMT
Անհետ կորած համարվող զինվորականը Բաքվից կապվել է հարազատների հետ

Անհետ կորած համարվող դեբետցի պայմանագրայինը Բաքվից կապվել է հարազատների հետ, խոսել կնոջ ու եղբոր հետ։ Այդ մասին հայտնել է Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Կարմիր Խաչի ներկայացուցիչներին վերջապես հնարավորություն է տրվել տեսակցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներին։ Ադրբեջանը հաստատել է 21 հոգու ցուցակ, որոնք առ այսօր գտնվում են Բաքվում։ ԿԽՄԿ-ի միջոցով նրանք կապ են հաստատել հարազատների հետ։

Մինչև օրս որքանով հետաքրքրվել էր համայնքապետը մի շարք կառույցներից, պայմանագրայինը անհետ կորածների ցուցակում էր և միայն զանգով է հաստատվել նրա՝ Բաքվում գտնվելու փաստը։

«Պայմանագրային է, ամուսնացած է, մեկ մանկահասակ երեխա ունի։ Նրա հետ խոսել է կինը և եղբայրը։ Իմ տեղեկությունով՝ հեռախոսազանգ է եղել։ Կարևոր չէ՝ ինչ է ասել, ինչի մասին են խոսել, եթե ասել է՝ պարզ է ինչ հանգամանքներում տեղի ունեցած կլինի խոսակցությունը։ Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, ձայնից էլ զգացել են՝ նորմալ էր, լավ է։ Ավելի շատ բան ասում է ձայնի տոնայնությունը, քան հենց խոսքերը։

Հարազատների մոտ մի անհանգստություն կա, նրանք վերադառնան, հասնեն հայրենիք։ Գոնե ես տեղեկություն չունեմ, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպումից կախված է գերիների նոր խմբի վերադարձ կամ խոստում, որ այդ հանդիպումից հետո կվերադառնան»,- ասել է համայնքի ղեկավարը։

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվեցին տասնյակ զինծառայողներ։ ՀՀ ՊՆ-ն նախ հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Վարչապետը, սակայն, առցանց ասուլիսով հաղորդեց, որ անհետ կորած զինծառայողները ևս գերեվարված են՝ հայտնելով 32 զինծառայողի գերեվարման մասին։