Վանաձորցիները պահանջում են ազատել Մամիկոն Ասլանյանին

Վանաձորցիները պահանջում են ազատել Մամիկոն Ասլանյանին

PanARMENIAN.Net - Վանաձորի Արցախ պուրակում հավաքված քաղաքացիները պահանջում են ազատ արձակել դեկտեմբերի 15-ին ձերբակալված նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին։

Երևանում քննվում է Ասլանյանի գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը:

Վանաձորում հավաքված քաղաքացիները կարծում են, որ այսկերպ իշխանությունը ոտնահարում է իրենց իրավունքը, գրում է «Առավոտը»։

«Սա նշանակում է, որ ոչ մեկին այս երկրում հաշվի չեն առնում, ոտնահարում են մեր իրավունքները: Եթե մենք ընտրել ենք և ուզում ենք, որ մեր քաղաքապետը լինի Մամիկոն Ասլանյանը, ուրեմն ուզում ենք, որ տեր կանգնենք մեր ձայնին և հարգեն մեր կարծիքը»,- ասել է գործարար Լուսինե Բարաթյանը:

Նրանք նշում են, որ եթե լինի կրկնակի ընտրություն, ապա կրկին պատրաստ են իրենց ձայնը տալ Ասլանյանին։

«Բոլորս իրան մեծ սիրով ընտրել ենք ու էլի կընտրենք: Հարգված, սիրված ու նվիրված մարդ է»,- ասել է Օլգա Ավետյանը:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը նշել է, որ դաշինքը մինչև վերջ տեր է կանգնելու վանաձորցու քվեին։ «Մեր պահանջը մեկն է՝ շատ արագ, անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին, վերականգնել նրա սահմանադրական իրավունքները»:

Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ասլանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին, նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---