ՄԻՊ․ Համոզիչ չէ գերությունից վերադարձած 4 զինվորի կալանավորման իրավաչափությունը

ՄԻՊ․ Համոզիչ չէ գերությունից վերադարձած 4 զինվորի կալանավորման իրավաչափությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողի կալանավորման իրավաչափությունը։

Խոսքը, մասնավորապես, նոյեմբերի 14-ի և 16-ի հարձակումներից հետո ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված և վերադառնալուց հետո ՀՀ-ում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:

Նշվում է, որ այս եզրահանգման հիմքում են՝

1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում, որը կներկայացվի քրեական հետապնդման մարմնին:

2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ պետմարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրգործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին: Դրանով խախտվել է ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը։

Այդ պնդումները ստեղծել են կանխակալ պատկերացումներ ՀՀ հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:

3) Առկա են բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանական ԶՈւ-ն, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը:

Ուստի, ՄԻՊ գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրհետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:

4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:

5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:

Հատուկ նշվում է, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրգործեր հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը։

Ընթերցեք նաև․ Ալիևը՝ գերիների մասին․ Նրանց ՀՀ-ին վերադարձրինք, բայց այնտեղ ձերբակալվեցին` չի բացառվում, որ խոշտանգեն

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---