Գրիգորյան․ Միջանցքի թեման ֆեյք է, բանակցությունների սեղանին չկա, բայց կա դրանից դուրս, ինչն ազդում է բանակցությունների վրա

Գրիգորյան․ Միջանցքի թեման ֆեյք է, բանակցությունների սեղանին չկա, բայց կա դրանից դուրս, ինչն ազդում է բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում անդրադառնալով այսպես կոչված միջանցքի հարցին, ասել, է, որ դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց «կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»:

Նա նշել է, որ Հայաստանը երբևէ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, և Բրյուսելում որոշակի չափով ևս մեկ անգամ հաստատվել է, որ այդպիսի թեմա չկա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:

Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին՝ Գրիգորյանը պատասխանել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:

Ու՞մ կողմից հարցին՝ նա պատասխանել է․ «Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է և մեր և միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»:

ԱԽ քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է։

Անդրադառնալով նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը՝ Գրիգորյանն ասել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ, քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը: «Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»:

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել Atlantic Council վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև դեկտեմբերի 15-ին անցկացված հանդիպման ժամանակ Սալիվանը փոխանցել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը «անպատասխանատու և սադրիչ» քայլեր են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---