Վրաստանի 13 ընդդիմադիր կուսակցություններ Միասնության մանիֆեստ են հրապարակել

PanARMENIAN.Net - Վրաստանի 13 ընդդիմադիր կուսակցություններ միավորվել են ապրիլի 9-ին մեկնարկող բողոքի ցույցերի նախաձեռնության շուրջ, որոնց միջոցով մտադիր են հասնել Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականին եւ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման:



Մանիֆեստին, որն ընդդիմադիր առաջնորդները ներկայացրեցին մարտի 27-ին Վրաստանի Գերագույն դատարանի շենքի առջեւ, միացել են` «Հանուն Վրաստանի դաշինքը` Իրակլի Ալասանիայի թիմը, Հանրապետականներն ու «Նոր աջերը», Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան« կուսակցությունը, Վրաստանի ուղի պահպանողական կուսակցությունը, Ժողովրդի կուսակցությունը, Ազատության դաշինքը` «Ազատություն» կուսակցություն, Ավանդապահների միություն, Ապագայի կուսակցություն, Կանանց կուսակցություն; ինչպես նաեւ «Արդյունաբերողների» կուսակցությունն ու Քրիստոնյա-ժողովրդավարական դաշինքը (Գեորգի Կոբախիձե): Շնորհանդեսին ներկա էին նաեւ նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Շնորհանդեսին ներկա չէին Ազգային ֆորումի, Լեյբորիստական կուսակցության եւ Զուրաբ Նողաիդելիի «Շարժում հանուն արդար Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչները:



13 կուսակցություներ հաստատում են, որ ապրիլի 9-ին մեկնարկող բողոքի ցույցերը խաղաղ են լինելու եւ անցնելու են Սահմանադրության շրջանակներում բնակչության «մեծամասնության կամքն արտահայտելու» նպատակով: Կուսակցությունները նաեւ հայտարարում են, թե ակցիային մասնակից քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների գործողությունները համաձայնեցված են ու համակարգված միմյանց հետ:



Բացի այդ, այժմյան իշխանությունների բոլոր կողմնակիցներին ու անդամներին, որոնք ժամանակին կկիսեն ապրիլյան ակցիաների ոգին, ընդդիմադիրներն առաջարկում են «մասնակցել ազատ, ժողովրդավարական, իրավական պետության կառուցմանը»:



«Վերջին շրջանում իշխանությունները փակուղի են տարել երկիրը: Երկիրը խորը քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ է»,-ասվում է փաստաթղթում:-Մարդու իրավունքների մշտական խախտումներն իշխանությունների կողմից, ոտնձգությունները մասնավոր սեփականության դեմ, անկախ դատարանի դերի նվազեցումը եւ, վերջապես, 2008թ. օգոստոսին ներքաշումը Ռուսաստանի նախաձեռնած եւ կազմակերպած ռազմական սադրանքի մեջ, բնակչության մեծ մասի մոտ իշխանությունների հանդեպ անվստահությունից բացի, բորբոքեցին նաեւ հիասթափությունն ու նիգիլիզմը»,-հաղորդում է CIvil.ge-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---