Հայաստանում հնագետները 2 կին զինվորի դամբարան են հայտնաբերել

Հայաստանում հնագետները 2 կին զինվորի դամբարան են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Հայաստանում հնագետները 3 մարդու մասունքներով դամբարան են հայտնաբերել՝ պարզվել է, որ այդ մարդկանցից 2-ը կին զինվորներ են եղել։ Այդ են վկայում նրանց մոտ եղած զենքը, ինչպես նաև բազմաթիվ վնասվածքները՝ գանգի կոտրվածքներն ու նետից առաջացած վնասվածքները։ Ըստ հետազոտողների, մասունքները պատկանում են հեծելազորի ֆիզիկապես լավ զարգացած նետաձիգ կանանց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Osteoarchaeology հանդեսում։

Մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Խուդավերդյանը մյուս գիտնականների հետ հետազոտել է Շիրակի մարզում գտնվող Ջրափի գյուղի գերեզմանոցը, որը դասվում է ուշ բրոզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Դամբարանը ծածկված է եղել ընդհանուր 4.5 մ երկարության բազալտե սալերով, իսկ դամբարանի պատերը տուֆից են, գրում է «N+1»-ը։

Դամբարանում կմախքներից բացի եղել են կավե անոթներ, դաշյուն և 4 բրոնզե նետասլաք։ Հայտնաբերված կմախքները եղել են հատվածային, քանի որ մի քանի տասնամյակ ջրի տակ են եղել։ Դրանք 45–50 կնոջ, 16–20 աղջկա և ևս մեկ՝ 50-ն անց մարդու (հնարավոր է տղամարդու) կմախքներ են։

Երկու կնոջ ոսկրերի վրա հայտնաբերվել են վնասվածքների հետքեր, որոնք հաստատում են, որ նրանք մարտերի են մասնակցել։ Մեկի մոտ եղել է կյանքի օրոք լավացած կոտրվածք։ Բացի այդ, նրա ողերի մոտ նետասլաք է հայտնաբերվել, որն էլ, հավանաբար, նրա մահվան պատճառ է դարձել։ Երկրորդ կինը ևս գանգուղեղի կոտրվածք ունի, կյանքի օրոք ստացած ստորին ծնոտի խոցում սուր առարկայով։ Բացի այդ, նրա սրունքի ոսկրի հատվածում հայտնաբերվել են նետասլաքի հետքեր՝ ընդ որում, այն խոցել է ոտքը, երբ կինը կամ պառկած է եղել գետնին կամ ձիու վրա է եղել։

Ըստ հետազոտողների, նրանց ֆիզիկական կազմվածքը վկայում է, որ նրանք, հավանաբար, կանոնավոր կերպով ծանր ֆիզիկական գործողություններ են կատարել՝ օրինակ, նետաձգությամբ զբաղվել։ Բացի այդ, նրանց ոսկորների փոփոխությունները բնորոշ են հեծյալներին։

Վնասվածքների տեսակն ու լոկալիզացիան, ըստ գիտնականների, վկայում են, որ կանայք ակտիվ պայքար են մղել զինված թշնամու դեմ։ Երկուսին էլ հուղարկավորել են իրենց անձնական զենքով՝ նետերով և դաշյունով, որը նրանցից մեկի աջ ձեռքում էր։ Նման դամբարանները շատ հազվադեպ են Հայաստանում, սակայն, հնագետները կարծում են, որ այդ մարդկանց կարելի է դասել պրոֆեսիոնալ զինվորականների՝ նետաձիգ հեծյալների խմբին։

Զինվոր կանանց մասին առաջին հիշատակումները դասվում են մ․թ․ա V դարին և կապված են անտիկ պատմաբար Հերդոտոսի հետ, որը գրել է ամազոնուհիների մասին, որոնք, եղել են գերազանց հեծյալներ և զինված են եղել նետ ու աղեղով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---