ՀՖՖ նախագահ. Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը

ՀՖՖ նախագահ. Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը, և հետագա ընթացքը դեռ քննարկման փուլում է։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

«Խոակին Կապառոսը պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը և դեռ քննարկում չունենք, թե ինչ է լինելու դրանից հետո, քանի որ վիճակահանությունը նոր է եղել, դեռ կունենանք ևս մեկ քննարկում գլխավոր մարզիչի հետ, կհասկանանք առաջիկա տարվա ընկերական հանդիպումները և կորոշենք հետագա անելիքները։ Դեռ պայմանագիրը ուժի մեջ է և կշարունակենք Խոակին Կապառոսի հետ աշխատել մինչև պայմանագրի ավարտը»,- ասել է ՀՖՖ նախագահը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Մելիքբեկյանը նշել է, որ բոլորի համար ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը տարվա ընթացքում երկու հավասար մասերի բաժանվեց՝ գարնանային, երբ երեք խաղերում և ընկերական հանդիպումներում եղան փայլուն հաղթանակներ և աշնանային հատվածը, երբ եղան պարտություններ և ոչ ոքիներ։

Նա նկատել է, որ գարնանային հաղթանակները մեծացրին ազգային հավաքականից ակնկալիքների նշաձողը, դրա պատճառով էլ աշնանային պարտություններից մեծ հիասթափություն արձանագրվեց ֆուտբոլասերների մոտ:

Մելիքբեկյանն առաջարկել է թիմի խաղը գնահատել մրցաշարի ընթացքում հավաքած 12 միավորով, որը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ նման բարձր արդյունքն էր:

Անդրադառնալով Ազգերի Լիգայի առաջիկա մրցաշարին ՀՀ հավաքականի մասնակցության հարցին՝ Մելիքբեկյանը նկատել է, որ բարդ մրցաշար է սպասվում, քանի որ ՀՀ-ն ընդգրկվել է ոչ այնքան հեշտ խմբում։

«Բարդ մրցակիցներ ունենք և խնդիրը Բ լիգայից հաջողությամբ դուրս գալն է։ Կարծում եմ, մրցունակ կլինենք այս խմբում»,- ասել է Մելիքբեկյանը։

Խոսելով ֆուտբոլի բարեփոխումների մասին՝ նա հայտնել է, որ հաջորդ տարում մի քանի մարզերում նոր մարզադաշտեր կշահագործվեն, որոնք կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---