28 մարտի 2009 - 14:31 AMT
Ֆինանսական ճգնաժամը չի անդրադարձել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գործունեության վրա
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» դեռեւս կորուստներ չի կրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով եւ մենք հուսով ենք, որ չի էլ կրի»,-լրագրողներին է հայտարարել բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, բանկի հիմնական խնդիրն այսօրվա դրությամբ այն է, որ հնարավորն արվի, որպեսզի բանկի հաճախորդները վնասներ չկրեն:

Գիշյանը հաղորդել է, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» կշարունակի վարկերի տրամադրումն, ինչպես նաեւ հավելել է, որ բանկերն այսօր զգուշությամբ են վերաբերվում իր գնահատականներին, ինչն արդարացված է ճգնաժամի պայմաններում: Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, բանկը շարունակում է սպառողական վարկեր տրամադրել, ճիշտ է ոչ այն չափով, ինչ մինչ ճգնաժամը:

Նրա խոսքերով, Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունն այն է, որ դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական համակարգում, այլ տնտեսության իրական հատվածի միջոցով: Համաշխարհային ճգնաժամի անուղղակի ազդեցության արդյունքում, ըստ Գիշյանի, «մենք ունենք չափազանց զարգացած ֆինանսական համակարգ, որը կայուն է եւ կարող է հակազդել այս ճգնաժամին»: «Մեր ֆինանսական համակարգը բավականին լավ է դիմակայում համաշխարհային ճգնաժամին, քանի որ այն նոր է հասնում Հայաստան»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» համագործակցության թուլացմանը ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ ընկերության հետ, ապա այս առնչությամբ Ս.Գիշյանն ասել է, որ ֆինանսական ճգնաժամը ոչ միայն չի թուլացնի այդ համագործակցությունն, այլ հակառակը` կուժեղացնի, քանի որ կա փոխշահավետ համագործակցություն: «Մենք բոլորս գիտենք, որ ճգնաժամը, բարեբախտաբար, ժամանակավոր երեւույթ է եւ շուտով կանցնի, իսկ մենք միասին դեռ երկար տարիներ կաշխատենք»,-ասել է Գիշյանը: