22 դեկտեմբերի 2021 - 11:37 AMT
Միրզոյանն ու Պեկրեսը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, հայ գերիների շուտափույթ հայրենադարձումը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Վալերի Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։

Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ:

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն:

Վալերի Պեկրեսը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։

Դեկտեմբերի սկզբին եռօրյա այցով Հայաստանում էր նաև Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։