22 դեկտեմբերի 2021 - 12:08 AMT
Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են Հրվ. Կովկասի տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:

ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի անցկացումը և հաջող ընթացք մաղթել հանձնաժողովի աշխատանքներին:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել. Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ապաշրջափակմանը, նշել է, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են: