22 դեկտեմբերի 2021 - 13:13 AMT
Թուրքական լիրայի անկումը կարող է հանգեցնել պնդուկի համաշխարհային դեֆիցիտի

Թուրքական լիրայի ռեկորդային անկումը կարող է պնդուկի համաշխարհային դեֆիցիտի հանգեցնել։ Ֆերմերները ստիպված են կրճատել անտառային պնդուկի արտադրությունը, որի մեկ երրորդը գնում է իտալական Ferrero-ն, որը թողարկում է Nutella-ն։

«Աշխարհին պնդուկի պակասուրդ է սպառնում։ Եթե դուք Nutella-ի սիրահար եք, ապա ավելի լավ է պաշարներ անեք խանութ առաջիկա այցելության ժամանակ»,- ասել է թուրքական ընկերությունների նյույորքյան խորհրդատու Թուրղան Զյուլֆիկարը WSJ-ին։

Թուրքիան արտադրում է աշխարհում սպառվող պնդուկի 70%-ը, իսկ ոլորտում զբաղված է 4 մլն մարդ։ Դա չի կարող չազդել գնագոյացման վրա, գրում է The Bell-ը։

Արտադրության կրճատումը պայմանավորված է ազգային արժույթի անկմամբ, ինչը հանգեցրել է բոլոր ներմուծվող պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների թանկացմանը։ Համաշխարհային գները ևս աճում են, և դա կնպաստի պնդուկի բերքի կրճատմանը։

Թուրքական լիրան արժեզրկվում է աշնան սկզբից՝ լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ նվազել է 50%-ով։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր դրույքների քաղաքականության արդյունքում։ Էրդողանն արտակարգ միջոցների մասին է հայտարարել։