22 դեկտեմբերի 2021 - 13:14 AMT
Հետախուզվում է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը. Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Փողերի լվացման գործով ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, ձևական օտարման գործարքներ են արել:

Նրանք ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550,000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին: