Փոխնախարար․ 20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվում

Փոխնախարար․ 20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով 2021թ. հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարված աշխատանքները և շեշտելով նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացումը, անդրադարձել է մոդուլային մանկապարտեզների ծրագրին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ։

Նա հավելել է, որ կառավարության ծրագրով սահմանված են հստակ թիրախներ՝ հնգամյա ծրագրի ավարտին ապահովել երեխաների առնվազն 85% ընդգրկվածություն՝ նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև բոլոր բնակավայրերում պետք է հասանելիություն ապահովել, գրում է «Առավոտը»։

Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի տեղակալի, նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների միջոցով բնակավայրերում նման հնարավորությունների ստեղծումն է։

«Սա այն բնակավայրերի համար է արվում, որտեղ երեխաների թիվն այնքան փոքր է, որ ծախսարդյունավետ չէ առանձին մանկապարտեզ ունենալը…Ունենք 10 բնակավայր, որտեղ արդեն ստեղծվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ»,-ասել է Անդրեասյանը։

Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը հաստատել է պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգը, ինչը Ժաննա Անդրեասյանի խոսքով, հնարավորություն է տալու պետական բյուջեից ֆինանսավորում հատկացնել որոշ խմբերի երեխաների համար, և արդեն 2022թ-ից նախատեսված է ֆինանսավորել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը: «Ավելի քանի 1600 երեխա կդառնա այս ծրագրի շահառու»,-ասել է նախարարի տեղակալը:

Նա նշել է նաև, որ քննարկվում է նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը, ինչը, նրա ձևակերպմամբ, թույլ կտա բարձրացնել աշխատավարձերը: «Մենք սահմանեցինք նաև լիցենզավորման պահանջը, որը ամրագրվել է օրենսդրական փոփոխությունների միջոցով, ինչը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոնները, որոնք, ըստ էության, գտնվում էին որևէ կառույցի վերահսկողությունից դուրս, արդեն պետք է լիցենզավորվեն, և այժմ լիցենզավորման կարգերի մշակման գործընթացում ենք»,-ասել է փոխնախարարը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---