25 դեկտեմբերի 2021 - 13:18 AMT
Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ` ոչ աշխատանքային

Արցախում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը, Ազգային ժողովից հետ է կանչվել «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին։

Ավելի վաղ ԱՀ կառավարությունը հավանություն էր տվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ոչ աշխատանքային էին լինելու դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: