28 դեկտեմբերի 2021 - 11:57 AMT
Արցախի ԱԺ նախագահ․ ԱՀ-ն, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ անկախությունն անվիճարկելի է

Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ անկախությունն անվիճարկելի է: Այդ մասին ասվում է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առթիվ։

«30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։

Անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանել է երեք պատերազմով։ Արցախյան առաջին պատերազմին զինվորագրվել և իրենց կյանքն են զոհաբերել Գերագույն խորհրդի առաջին գումարման 11 պատգամավոր։ Հավերժ փառք նրանց և հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։

․․․Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է։ Հակամարտության վերջնական լուծման կողքին անվերապահորեն դրված է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և նրա սահմանների խնդիրը:

Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի են և ենթակա չեն զիջման։ Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում»,-ասվում է ուղերձում։

Արցախի Ազգային ժողովը, վերահաստատելով ԱՀ ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ երկրի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն ԱՀ քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից։