28 դեկտեմբերի 2021 - 12:33 AMT
Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած 5 մլն դրամից ավելի վնասը

Արցախի առողջապահության նախկին նախարարը ԱՀ պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5,591,357 դրամ գումարը:

Հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Nախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, դժգոհ լինելով ԱՀ ԱՆ կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու փոխարեն, նա 05.08.2020թ. ԱՀ առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ամբողջ ժամկետի համար աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով ԱՀ-ից հօգուտ աշխատողի բռնագանձվել էր ընդհանուր 5,591,357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս:

Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար ԱՀ առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում` ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով: