Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկել են գործակցության զարգացման հարցեր

Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկել են գործակցության զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները:

ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով:

Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ, հավանաբար, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ոչ պաշտոնական շփում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա հավելել էր, որ քանի որ գագաթնաժողովը ոչ պաշտոնական է, ապա բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ։ «Բայց որևէ շփում միանշանակ կլինի, թե ինչպես՝ տեղում կերևա, ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ասել է Փաշինյանը:

Վերջին շրջանում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են նոյեմբերի 26-ին Սոչիում և դեկտեմբերի 14-ին և 15-ին Բրյուսելում՝ միջնորդների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---