29 դեկտեմբերի 2021 - 11:24 AMT
ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

ՄԻՊ-ը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու գործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը մոտ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված՝ ևս 80։