28 մարտի 2009 - 20:12 AMT
Ռուբեն Հայրապետյան. Երկրպագուների տրամադրությունը հաղորդվում է դաշտում խաղացող ֆուտբոլիստներին
Այսօր Երեւանում կայացել է 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների առաջիկա խաղերին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսում ներկայացվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի աշխատանքները, ով լուսանկարել էր 2007 եւ 2008 թթ. Չեմպիոնների լիգայի, Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայացած Եվրո-2008 խաղերը: Կադրեր են լուսանկարվել նաեւ Հայաստանի ազգային առաջնությունից եւ Հայաստանի հավաքականի խաղերից, այդ թվում նաեւ «Հայաստան-Թուրքիա» խաղի լուսանկարների շարքը:

Ցուցահանդեսը բացել է ՖՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով ողջունել է նման միջոցառման անցկացման գաղափարը:

«Ինձ ամենից շատ ոգեւորել են այն լուսանկարները, որոնցում պատկերված են արտասահմանյան, օրինակ անգլիական, իտալական թիմերի երկրպագուները: Կարծում եմ, որ մեր երկրպագուները նույնպես պետք է նույն կերպ աջակցեն հայկական թիմին: Չէ-որ երկրպագուների տրամադրությունը հաղորդվում է դաշտում խաղացող ֆուտբոլիստներին, - նշել է Հայրապետյանը, - Ողջունում եմ այդ ցուցահանդեսի բացման գաղափարը: Հույս ունեմ, որ այն կստանա ավանդական բնույթ»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Photo Planet» գործակալության տնօրեն Հայկ Պետրոսյանի խոսքերով, ցուցահանդեսի հիմնական նպատակը ֆուտբոլի սիրահարներին ցույց տալն է, որ Հայաստանում էլ կան ֆուտբոլիստներին օգնելու համար մի ամբողջ «դիմակահանդես» ներկայացնելու նպատակով դեմքերը ներկելուն, երկրի հավաքականի համազգեստի շապիկները գնելուն ընդունակ երկրպագուներ:

Հիշու՞մ եք Թուրքիայի դեմ Հայաստանի խաղը: Մեր երկրպագուները հիմնովին նախապատրաստվել էին: Բոլորը ներկել էին դեմքերը, շատերն իրենց այտերին հայկական դրոշն էին նկարել, վաճառվել էր հսկայական քանակությամբ կարմիր շապիկ: Ողջ մարզադաշտը կարմիր էր հագած: Մենք մեր երկրպագուներին կոչ ենք անում մեր թիմին աջակցել բոլոր խաղերի ժամանակ` անկախ արդյունքից: Այդ նպատակով էլ մենք որոշեցինք բացել այս ցուցահանդեսը եւ ծրագրում ենք լուսաբանել Հռոմում կայանալիք չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչը եւ Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը», - նշել է Պետրոսյանը:

Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, ՖՀՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը: Իր ներկայությամբ ցուցահանդեսը պատվել է նաեւ «Արարատ-73»-ի հանրահայտ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն ու Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագետ Հենրիկ Իգիթյանը:

Ֆուտբոլային լուսանկարների ցուցահանդեսի փակումը տեղի կունենա մարտի 29-ին: