Նշանյան․ ՀՀ դեսպանն անհավանական ջանքեր գործադրեց ինձ ազատելու համար

Նշանյան․ ՀՀ դեսպանն անհավանական ջանքեր գործադրեց ինձ ազատելու համար

PanARMENIAN.Net - Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը հունվարի 7-ին ազատ է արձակվել Հունաստանի դատարանից, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ դեսպանն անհավանական ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։

«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան Տիգրան Մկրտչյանը անհավանական ջանքեր գործադրեցին ինձ ազատելու համար։ Նա օր ու գիշեր աշխատում էր, ոչ մի րոպե ինձ մենակ չէր թողնում։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում պետություն է կանգնած՝ անվերապահ և հաստատակամ։ Բոլորովին այլ զգացողություն։ Լավ էր, չգիտեի»,- ասվում է գրառման մեջ։

Նշանյանը նաև հավելել է, որ, հավանաբար, ստիպված կլինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և, հնարավոր է, ապրել Հայաստանում, կամ գուցե այլ երկրում։

Ըստ Հունաստանի դատարանի որոշման, Նշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել ՀՀ։

Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում 5 տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացիություն է ստացել Հունաստանում հայկական դեսպանատանը 2019-ի մայիսին։

2011-ի մարտի 9-ին Նշանյանը դատապարտվել էր 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:2010-ին Նշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նշանյանը գտնվում է թուրքական բանտում: Նշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---