8 հունվարի 2022 - 10:39 AMT
Սոցփաթեթով արդեն կարելի է ատամնաբուժական ծառայություններ ստանալ

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021-ի դեկտեմբերի 13-ից փաթեթի շահառուն կարող է օգտվել նաև ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ծառայություններից։

Վերանայվել է նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ըստ փոփոխության՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։

Նշվում է, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝ հանվել է փաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը. շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը։