8 հունվարի 2022 - 12:18 AMT
ԵՊՀ-ն և Չինաստանի Թյանջինի նորմալ համալսարանը կհամագործակցեն

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան առցանց ստորագրել են երկու համալսարանի միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։

Համալսարաններն իրականացնելու են դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, կազմակերպելու են համատեղ հետազոտական ծրագրեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։

Համաձայնագրի ստորագրման առցանց արարողության ժամանակ Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան ներկայացրել է համալսարանի կառուցվածքը և գործունեության ուղղությունները՝ փաստելով, որ այն հիմնադրվել է 1958-ին և ունի ավելի քան 30,000 ուսանող։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում մեծ ակտիվությամբ գործում են Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններ, որոնց նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է:

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նշել է, որ կրթությունը կարևոր և առաջնային դեր ունի յուրաքանչյուր երկրում։ Նա նշել է, որ այս փոխգործակցության մեկնարկն ավելի կամրապնդի Հայաստանի և Չինաստանի գործընկերային բազմադարյա հարաբերություններն ու նոր հնարավորություններ կընձեռի հետագայում։

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը նունպես խոսել է հայ-չինական դարավոր բարեկամության մասին և ասել, որ իր հանդիպումների ընթացքում մշտապես կարևորվում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացումը, որը պետք է իրագործվի կրթության, գիտության և մշակույթի միջոցով։

Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում կհանդիպեն և առավել մանրամասն կքննարկեն համագործակցության իրագործման և զարգացման առավել արդյունավետ ուղիները։