10 հունվարի 2022 - 11:47 AMT
ՄԻՊ․ Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոններին ու նշաններին և դրանց անփոխարինելի կարևորությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։

«Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են:

Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր:

Սրան գումարած քիչ չեն դեպքերը, երբ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում:

Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելի են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը»,-ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը նշել է նաև` քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաև բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար՝ անհիմն տուգանքի չենթարկվելու համար:

Նշվում է նաև, որ իրականում ճանապարհային երթևեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովումն է, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը։

«Խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է. այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա:

Հակառակ դեպքում կստացվի պետությունը կանխարգելելու փոխարեն շեշտը դնում է պատժելու վրա:

Այս ամենից բացի, քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար»,-ասվում է գրառման մեջ

ՄԻՊ-ը բարձրացնելու է այս հարցը և կնախաձեռնի պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ: