10 հունվարի 2022 - 12:34 AMT
9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալի կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար

2021-ի ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան ՀՀ ՔՕ օրենսգրքի 314.2-րդ և 314.3-րդ հոդվածներով հարուցվել է նախորդ 3 տարում՝ 2018-ից 2020թթ. ընթացքում միասին վերցրած (15 քրեական գործ), տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում վերոհիշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված 11, իսկ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 1 քրեական գործով (այլ հոդվածների համակցությամբ):

2021-ի ընթացքում վարույթում քննվող 6 քրգործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք: Մասնավորապես, 1 անձի մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար:

Ընդ որում, 6 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վերոհիշյալ քրգործերից մեկը, որով առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորին և վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դեռևս չի քննվել:

Մյուս քրգործերը գտնվում են նախաքննության փուլում: