Իրինա Խակամադա. եթե Կովկասի երկրները միավորեն ջանքերը, ոչ մի խնդիր չի մնա

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է հաշտեցնի Ռուսաստանին Վրաստանի հետ, թուրքական Cihan լրատվական ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ հայտնի տնտեսագետ ու քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:



Խակամադայի խոսքերով, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համատեղ գործունեություն ծավալել Եվրասիական տարածքում: «Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շատ բան ունեն` ՌԴ-ն, ինչպես եւ Թուրքիան, նեղացած է Եվրամիությունից, ինչպես նաեւ Վաշինգտոնից: Ներկայումս նոր գործընկերների որոնում է ընթանում: Երկու երկրները կարող են հիանալի աշխատել Եվրասիական աշխարհագրական տարածքում»,-ընդգծել է Խակամադան:



Նրա կարծիքով, Թուրքիան կարող է ակտիվ դեր ստանձնել Կովկասում առկա խնդիրների կարգավորման գործում: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կարեւոր քայլ էր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»,-ասել է Խակամադան: Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության ժամանակ առաջարկեց Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը: «Եթե Կովկասում Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան միավորեն ուժերը, ոչ մի խնդիր չի մնա: Թուրքիան պետք է միջնորդական առաքելություն սկսի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,-հայտարարել է Խակամադան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---