11 հունվարի 2022 - 10:34 AMT
Թուրքական Pegasus-ը Երևան-Ստամբուլ երթուղով ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի

Թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ թուրքական Pegasus-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեին։

Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։