Տոկաև․ ՀԱՊԿ խաղաղապահները 2 օրից փուլերով դուրս կբերվեն Ղազախստանից

Տոկաև․ ՀԱՊԿ խաղաղապահները 2 օրից փուլերով դուրս կբերվեն Ղազախստանից

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կսկսվի 2 օրից։

Նա նշել է, որ գործընթացը փուլային կլինի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմի փուլային դուրսբերումը։ Գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,- ասել է նա։

Մինչ այդ, երկրում անկարգությունների առնչությամբ ավելի քան 10,000 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Տոկաևը կոչ է արել Ղազախստանի ունևոր անձանց կիսվել իրենց ֆինանսներով ժողովրդի հետ՝ այդ նպատակով կստեղծվի «Ղազախստանի ժողովրդին» հիմնադրամը։

Խոսելով նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին՝ Տոկաևն ասել է, որ առաջին նախագահի՝ Ելբասիի շնորհիվ երկրում առաջացել է շատ շահութաբեր ընկերությունների և հարուստ մարդկանց շերտ, որոնք հարուստ են նույնիսկ միջազգային չափանիշներով։

«Կարծում եմ, որ ժամանակն է արժանին մատուցել Ղազախստանի ժողովրդին և օգնել նրան սիստեմատիկաբար և կանոնավոր կերպով»,-ասել է նա, գրում է Sputnik Ղազախստանը։

Նա նոր վարչապետ է նշանակել՝ Ալիխան Սմայիլովին ու հանձնարարել նրան 3 շաբաթվա ընթացքում նախապատրաստել կառավարության գործողությունների 2022 թվականի ծրագիրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ասկար Մամինի ղեկավարած կառավարությունը պաշտոնանկ էր արվել հունվարի 5-ին, երբ երկրում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր՝ հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման ֆոնին, որոնք արագ վերաճել էին անկարգությունների։

Տոկաևը նաև 5-ամյա մորատորիում է հայտարարել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար։ Դա վերաբերում է նաև շրջանների ղեկավարներին և պատգամավորներին։ Նա նաև ասել է, որ սեպտեմբերին քաղաքական բարեփոխումների փաթեթ կներկայացվի։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---