Քերոբյան․ Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացվել են քաղնկատառումներով

Քերոբյան․ Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացվել են քաղնկատառումներով

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն թուրքական ապրանքների սահմանափակումները, առաջնորդվել է քաղաքական նկատառումներով։

Նա նշել է, որ որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, նախարարությունը պետք է ուշի-ուշով հետևի և պաշտպանի այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են բացվել՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների շնորհիվ, գրում է Panorama.am-ը։

«Պետք է այնպես անենք, որ իրենց այսպես ասած կայացումը չվտանգվի և նրանք նորից ստիպված չլինեն դուրս թռնել շուկայից»,- ասել է էկոնոմիկայի նախարարը

Քերոբյանը հավելել է նաև. «Մենք հետևելու ենք իրավիճակին և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսներ վտանգված են և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»։

Նախարարը շեշտել է, որ անձամբ կողմնակից է եղել արգելքի երկարացմանը և տեղեկացրել, որ հնարավոր է եղել անել դա, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասին այդպիսի որոշում են կայացրել:

Անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին, Քերոբյանը ցավակցել է Գեղարքունիքում հունվարի 11-ին զոհված զինծառայողների հարազատներն և ասել, թե պետք է հաշվի առնել, որ վերջին 30 տարում այդպիսի բախումներ եղել են միշտ, բայց թուրքական ապրանքների համար հանրապետությունը բաց է եղել:

Շեշտելով, որ չի ուզում սահմանային միջադեպերի հարցի մեջ շատ խորանալ՝ նախարարը հայտնել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն, Հայաստանի համար ընդունելի պայմաններով հաստատվի խաղաղություն, որպեսզի կարողանան մտածել երկարաժամկետ աշխատանքի և ներդրումների մասին:

2022թ․ հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա։ Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան:

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---