ՀԿ. Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ավելի քան 2 մլրդ դրամի գույք է օրինականացրել

ՀԿ. Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ավելի քան 2 մլրդ դրամի գույք է օրինականացրել

PanARMENIAN.Net - Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրգործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

2000-2018 թթ․ Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՊՆ ռազմական ոստիկանությունում և ոստիկանությունում, տարիներ շարունակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենին, դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է ավելի քան 45 մլն դրամ:

Քրգործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ․ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2,116,040,804 դրամի չափով գույք:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---