ՀՀ-ում քողարկված ֆինանսական բուրգ է բացահայտվել

ՀՀ-ում քողարկված ֆինանսական բուրգ է բացահայտվել

PanARMENIAN.Net - Հայաստանում քողարկված ֆինանսական բուրգ է բացահայտվել։ Պարզվել են 2013թ. Իրանում հիմնված և Միացյալ Թագավորությունում Vodanet British LTD կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի, Կանադայի, ինչպես նաև ՀՀ մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016-ից ՀՀ տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

VODA հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված և բարոյապես խեղաթյուրված համակարգ:

Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռելու և դրանից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել voda.net, vodanet.io ցանցային հարթակներում և կատարել 450 դոլարից մինչև 21,000 դոլարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։

2018թ․ հունիսի 20-22-ին Իրանի իրավապահների քրեական հետապնդումների շնորհիվ Vodanet British LTD-ի գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող voda.net, vodanet.io կայքերի գործունեությունը դադարեցվել է, որպիսի հանգամանքներում ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է մի քանի խմբավորումների միջև:

Այնուհետև, հանցավոր խմբավորման մի քանի անդամ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են Onyxum ընկերությունը և գործարկելով համանուն onyxum.com կայքն ու վերախմբավորելով Vodanet British LTD անվան ներքո գործող հիմնական համակարգողներին՝ ՀՀ տարածքում՝ շարունակել են նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։

Այդ նպատակով Երևանում և ՀՀ բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մոտ համոզմունք է ձևավորվել, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ և իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք, որում ներգրավվելու նախապայմանը հանդիսացել է տուրիստական փաթեթ գնելը։

Մեղադրանք է առաջադրվել VODA և Onyxum ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամի: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

ՔԿ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Onyxum.com կայքի, համանուն ընկերության գրասենյակների, համանման ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելուց։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---