Իրանագետ․ Ամեն անգամ, երբ Ալիևը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է

Իրանագետ․ Ամեն անգամ, երբ Ալիևը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է

PanARMENIAN.Net - Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին և Զանգեզուրը «ադրբեջանական տեղանուն» ներկայացնելուն, գրել է, որ այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ։

Նա նշել է, որ ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։

«Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում արդեն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թե բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։ Այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ:

Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անվան պարսկերենում աղճատված ձևն է, քանի որ պարսկերենում չկա «ձ», ուստի հայերենի այդ հնչյունն արտացոլվում է «զ»-ով, ինչի հետևանքով սկզբնապես *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ ժողովրդական ստուգաբանությամբ դառնում է Զանգեզուր (պարսկերեն՝ զանգ-ե զուր «հզոր զանգ, ուժեղ զանգ»)։

Ի դեպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարավերջին Սյունյաց Հաբանդ գավառում հիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառվել ամբողջ գավառի համար, չէր էլ ենթադրվում, թե երբևիցե աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա Ադրբեջան կոչվող ներկայիս արհեստածին միավորը, որը կփորձի հավակնել դրան։

Հետևաբար, ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ խտապատկերում՝ Ձագաձորի հիշատակությունն է «Պատմութիւն նահանգին Սիսական» 13-րդ դարի երկում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---