18 հունվարի 2022 - 10:55 AMT
Փոխնախարար․ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը լրամշակվել է

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

• «Հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները,

• հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին,

• տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման ժամկետ ամրագրելով,

• հստակեցրել ենք այլընտրանքային կրթական ծրագրերի սահմանումը, անցումային դրույթներով կարգավորել ենք գործող ծրագրերի հետագա գործառնությունը,

• անհրաժեշտ հստակեցումներ ենք մտցրել ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի դրույթներում՝ ամրագրելով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխության հնարավորությունը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ կան նաև այլ լրամշակումներ։ Նախագիծը տեղադրվել է էլեկտրոնային հարթակում։

«Այս շաբաթ կշարունակենք քննարկումները շահեկիցների հետ, հունվարի 25-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն հանրակրթության առաջարկվող փոփոխությունների շուրջ։ Հույս ունեմ, որ այս ծավալուն քննարկումները կօգնեն ունենալ հանրակրթության որակի և արդյունավետության բարձրացմանը էապես նպաստող նոր կարգավորումներ»,-ասվում է գրառման մեջ։