18 հունվարի 2022 - 11:15 AMT
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր։ Այդ մասին ասվում է նրա փաստաբանական խմբի հայտարարության մեջ։

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը:

Ավելի վաղ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Բողոքը մերժվել է։ Փաստաբանները պնդում են, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից և, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ: