30 մարտի 2009 - 17:53 AMT
Թուրքական ԶԼՄ-ները Հայաստանի ԱԳՆ ղեկավարին են վերագրում հայտարարություններ, որոնք նա չի կատարել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը չի ասել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Բարակ Օբամայի Թուրքիա այցելելուց հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Նախարար Նալբանդյանը հանդես չի եկել նման հայտարարություններով, դա չի համախատասխանում իրականությանը»,- ընդգծել է Բալայանը:

Նախօրեին թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ապրիլի երկրորդ կեսին հայ-թուրքական սահմանի բացման մասին:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կայցելի ապրիլի 3-4-ին եւ Ստամբուլում կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթաժողովին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, գագաթաժողովին հրավիրված է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Գագաթաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: